Հայաստանում կենցաղային քիմիան անվտանգության ոչ մի պահանջի չի համապատասխանում: Այս մասին ապրիլի 4-ին «Տեսչական ստուգումների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

Առաջինը նախատեսվում է բարեփոխել Շուկայի վերահսկողության տեսչությունը: Այս նույն տեսչությունը պետք է հետեւի, որպեսզի շուկան չհեղեղվի կյանքի համար վտանգավոր հագուստով եւ խաղալիքներով: Ըստ Զոհրաբյանի, խոսքը հատկապես մանկական հագուստի մասին է, որի մեծ մասը սինթետիկ է, ինչն ուղղակիորեն վտանգում է երեխաների առողջությունը:

«Որպես շարքային սպառող՝ ինքս էլ կարող եմ նշել նաեւ բազմաթիվ մաքրող հեղուկներ, որոնք օգտագործում ենք կենցաղում եւ որոնք չեն համապատասխանում անվտանգության պահանջներին: Ավելին, դրանք նաեւ վատ են մաքրում, քանի որ գրեթե բոլոր խանութներում դրանց ջուր են ավելացնում: Էլ չեմ խոսում Չինաստանից ներկրված խաղալիքների մասին: Հասարակական կազմակերպությունները բազմիցս են ապացուցել, որ դրանցում մարդկանց կյանքի համար վտանգավոր քիմիական միացություններ կան»,- հավելեց Զոհրաբյանը: