Ղարաբաղա-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում շարունակվող լայնածավալ ռազմական գործողությունների ֆոնին միջազգային հանրությունն արդեն երրորդ օրն է՝ սահմանափակվում է կրակի դադարեցման մասին «անատամ» հայտարարություններով: Սակայն հարեւան որոշ պետություններ, մասնավորապես՝ Վրաստանը, որոշել է առանձնանալ. փորձում է «դիվիդենտներ» շահել՝ իրեն որպես միջնորդ ներկայացնելով եւ, միաժամանակ, հանդես գալով Ադրբեջանի, այսպես կոչված, «տարածքային ամբողջականությունը» սատարելու մասին հայտարարություններով:
Մինչ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին անհանգստություն է հայտնում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման կապակցությամբ եւ հույս հայտնում, որ միջազգային հանրության ջանքերով լարվածությունը կթուլանա, իսկ երկրի ԶՈՒ գլխավոր շտապի պետ Վախթանգ Կապանաձեն հայտարարում է, որ Վրաստանը պետք է ղարաբաղյան հակամարտությունում մեդիատորի դեր կատարի, Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին որոշել է առանձնանալ:
Ադրբեջանցի գործընկերոջ՝ Զաքիր Հասանովի հետ զրույցում Խիդաշելին շտապել է հավաստել, որ Վրաստանը միշտ սատարել եւ սատարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ստացվում է, որ տիկին Խիդաշելին որոշել է «շրջանցել» Վրաստանի ԱԳ նախարարին, վարչապետին, ինչպես նաեւ, ամենայն հավանականությամբ՝ անձնական համակրանքից ելնելով, հերթական անգամ սեր խոստովանել հարեւանին: Այդպիսով Թինաթին Խիդաշելին արմատախիլ արեց միջնորդի դեր ստանձնելու՝ պաշտոնական Թբիլիսիի նախաձեռնությունը՝ հայտարարելով իր կանխակալ վերաբերմունքի մասին:
Այս հայտարարությունից հետո Վրաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն արդեն չի կարող «բարի կամեցող խաղաղարարի» կարգավիճակի հավակնություն ունենալ: Բացի այդ, հաշվի առնելով հենց Վրաստանի ունեցած տարածքային խնդիրները, Թբիլիսին պետք է բավարարվեր միջազգային իր կշռին համարժեք չեզոք հայտարարություններով:




























