Ռոստովի օդանավակայանում ավիաաղետի հետեւանքով զոհվածների կենսաբանական նյութի մոլեկուլյար-գենետիկ փորձաքննությունը կարող է մի քանի ամիս տեւել: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ առողջապահության նախարարության ներկայացուցիչը՝ հավելելով, որ բոլոր զոհերի կենսաբանական նյութի նմուշները Դոնի Ռոստովից Մոսկվա են ուղարկվել:

«Դժվար է ժամանակի մասին կանխատեսում անել, քանի որ մեծ աշխատանք կա անելու: Մեր լաբորատորիայի համար սա աննախադեպ փորձ է: Կարծում եմ՝ այդ աշխատանքի համար մի քանի ամիս կպահանջվի»,- նշել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ Ռոստովի մարզի առողջապահության նախարարությունում հայտնել էին, որ մարզի դատաբժշկական փորձաքննությունների բյուրոն ավարտել է զոհվածների գենետիկ ինքնության հաստատման փորձագիտական հետազոտությունը: Նմուշներ չեն վերցվել միայն զոհված 2 ուղեւորների եւ անձնակազմի 5 անդամների հարազատներից:

Հիշեցնենք, որ Դուբայից ժամանած Boeing 737-800 օդանավը Դոնի Ռոստովի օդանավակայանում կործանվել է մարտի 19-ի առավոտյան: Օդանավում 62 մարդ կար. 55 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ: Բոլորն էլ զոհվել են: Քննչական կոմիտեն կործանման երեք վարկած է դիտարկում. տեխնիկական անսարքությունը, եղանակային վատ պայմանները եւ անձնակազմի սխալը: