Հանրապետության գործող օրենսդրության համաձայն, Հայաստանի բանկերն իրավունք չունեն ռեալ սեկտորի ակտիվներ ձեռք բերել եւ կառավարել դրանք: Այդ մասին ապրիլի  5-ին խորհրդարանում հայտնել է նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավոր Հրանտ Բագրատյանը` «Հրազդան-ցեմենտ» գործարանի հարկային տույժերի դուրս գրման վերաբերյալ օրենքի նախագծի քննարկմանը: 

«Այս գործարանի բաժնետոմսերն արդեն երկար ժամանակ է`  «VTB-Արմենիա» բանկի ձեռքում են: Իսկ մեր օրենքների համաձայն, բանկն իրավունք չունի իր հաշվեկշռում  6 ամսից ավելի գրավադրված ձեռնարկություն պահել: Այդ ժամկետից հետո նա պիտի վաճառի: Որովհետեւ բանկն իրավունք չունի հանդես գալ որպես ներդրումային ընկերություն: Իսկ այստեղ այդ օրենսդրությունը խախտվում է, եւ Կենտրոնական բանկը դրա վրա ուշադրություն չի դարձնում», - ընդգծել է Բագրատյանը: