Հայաստանի սահմանադրական փոփոխությունները տնտեսության մեջ սոցիալ-դեմոկրատական արժեքներ կհաստատեն: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում «Հրազդան-ցեմենտ» ընկերության հարկային պարտավորությունները դուրս գրելու վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ նշել է Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր լեւոն մարտիրոսյանի հարցին, թե որքանով է տնտեսապես շահավետ պետության համար օգնել բիզնեսին, ՀՅԴ-ն ներկայացնող Մինասյանն ասել է. «Եթե որեւէ ձեռնարկություն հայտնվում է ծանր վիճակում, կարող է դիմել կառավարությանը, որը պատրաստ է քննարկել՝ պետք է նրան օգնել, թե ոչ: Պետության տրամադրության տակ կա 15 գործիք, որոնք կիրառվում են մրցունակության բարձրացման համար: Այո, Սահմանադրական փոփոխությունների համաձայն, պետությունը չպետք է տնտեսության ոլորտում պասիվ դիրք գրավի: Այդպիսի պայմաններ է թելադրում ժամանակակից, սոցիալ-շուկայական տնտեսությունը:

Սոցիալ-դեմոկրատական արժեքները ավելի ուժեղ են ամրագրված Հիմնական օրենքում, թեեւ, իհարկե, պետությունը չի կարող իր վրա վերցնել բիզնես-մենեջերի գործառույթներ: Ընկերությունների սեփականատերերը պետք է նշանակեն խելացի մենեջերների եւ պրոֆեսիոնալ որոշումներ կայացնեն»: