Պանարմենիան Մեդիա Գրուպը, որի կազմի մեջ են մտնում «Արմենիա» հեռուստաընկերությունը, ATV-ին, Արմնյուզը, Պանարմենիան TV-ին (ԱՄՆ), Tert.am և Blognews.am կայքերը, Ռադիոջանն ու Լավ Ռադիոն, իրենց աշխատանքների հիմնական տեղակայումը տեղափոխում են Ստեփանակերտ:

Պանարմենիան Մեդիա Գրուպի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Արցախի մայրաքաղաք է ուղարկվել նաև շարժական կայանը, որը կմիանա Հանրային Հեռուստատեսության` արդեն տեղում աշխատող կայանին և Ստեփանակերտը ամուր կկապի ողջ աշխարհին. «Ստեփանակերտից եթեր կհեռարձակվեն մեր կարևորագույն նախագծերը: Այնտեղ կաշխատեն մեր լավագույն մեկնաբաններն ու լրագրողները: Արցախի մայրաքաղաքում կլինեն հայտնի հեռուստաաստղերը: Մեր նպատակը մեկն է` ոչ ոք չի կարող սպառնալ Արցախին և չի կարող վախեցնել Ստեփանակերտին: Սպառնալիքներն ու կրակոցները, դիվերսիաներն ու հարձակումները մեզ դարձնում են ավելի միասնական ու ավելի ամուր: Մենք պահելու ենք Արցախի թիկունքը և ճակատը, Ստեփանակերտն ու սահմանը»:

 Այս պահին Արցախ են մեկնում Սաթիկ Սեյրանյանը, Նազենի Հովհաննիսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դոմինո և Ֆուլ հաուզ նախագծերի աստղերը, «Բարի լույս» նախագծից` Գայանե Ասլամազյանը, Սիմա Բաղդասարյանը, Արտյոմ Կարապետյանը, Արմնյուզ և Աթիվի հեռուսաալիքների հայտնի դերասաններն ու հաղորդավարները, Արմքոմեդի նախագիծը: