Երեւանի Սուրբ Հովհաննես եկեղեցում այսօր՝ ապրիլի 5-ին, տեղի է ունեցել շփման գծում ադրբեջանական ագրեսիան հետ մղելիս զոհված Արմենակ Ուրֆանյանի հոգեհանգիստը:

Հոգեհանգստին ներկա էին նրա հարազատները, ծառայակից ընկերները:

4-րդ հրաձգային վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ երկար մարտի է բռնվել հակառակորդի հետ: Հակառակորդի գերազանցող ուժերի ճնշման տակ անձնակազմին հետ ուղարկելով՝  նա շարունակել է մարտը՝ խոցելով մեկ տանկ եւ մոտ մեկ տասնյակ թշնամու զինվոր: 

Նշենք, որ Արմենակ Ուրֆանյանը 26 տարեկան էր, Զինված ուժերում ծառայում էր 2007թ.-ից:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ից գիշերը իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերաբար կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Սրանք ամենախոշոր գործողություններն են 1994 թվականին հաստատված հրադադարի ռեժիմից հետո, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Երկու կողմերից էլ կան զոհեր։