Ղարաբաղում պարզապես լեգենդներ են պտտվում Հայաստանի զինված ուժերի 18-ամյա զինվորների պահվածքի, կեցվածքի, մարտական եւ հոգեբանական պատրաստվածության մասին եւ այդ լեգենդները ոչ թե PR գործիքներ են, այլ հիմնված են կոնկրետ իրադարձությունների վրա: Այս մասին, այսօր՝ ապրիլի 5-ին, ԱԺ-ում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով վերջին օրերին եղել է Արցախում:
«Մարտական ուղի անցած հրամանատարները ասում են, որ դժվար է գիտակցորեն հասկանալ, թե ինչ սիրտ ու հոգի պետք է լինի 18-ամյա, 20-ամյա այդ տղաների մեջ, որ նրանք ոչ միայն անհողդողդ կանգնեն մի քանի անգամ իրենց գերազանցող հակառակորդի առջեւ, այլեւ հետ շպրտեն նրանց կամ կռվեն մինչեւ արյան վերջին կաթիլը: Սա, թերեւս, ամենահզոր գործոններից մեկն է, որ Իլհամ Ալիեւին թույլ չի տվել իրականացնել իր բլից-կրիգը եւ տարածքներ օկուպացնել ԼՂՀ-ից:
Ես այս ամբիոն բարձրանում եմ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մեծ թվով քաղաքացիների խնդրանքով, որոնք խնդրել են ինձ ԱԺ ամբիոնից առաջին հերթին իրենց կսկիծի, ինչպես նաեւ երախտիքի, հարգանքի, սիրո խոսքերը փոխանցել Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի, Շիրակի, Լոռիի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, մարզերի եւ Երեւանի հայրերին ու մայրերին, ուսուցիչներին եւ մարզիչներին, որ նրանք այդպիսի քաղաքացիներ, այդիսի զինվորներ, այդպիսի զավակներ են դաստիարակել»,- ընդգծել է Փաշինյանը:




























