Ռուսաստանի Ազգային գվարդիայի մարտիկները հնարավորություն կստանան առանց զգուշացման կրակելու «քաղաքացիներին կամ իրենց` զինվորականներին սպառնացող անմիջական վտանգի դեպքում»: Այդ մասին գրված է օրենքի նախագծում, որը նախագահ Վլադիմիր Պուտինը մտցրել է Պետդումա: 

Միաժամանակ, օրինագծի տեքստի համաձայն, մնացած դեպքերում զինվորը պարտավոր է զգուշացնել, հայտնում է  Slon-ը:

Փաստաթուղթը գվարդիայի անդամներին թույլ է տալիս խուզարկել փոխադրամիջոցները, ստուգել քաղաքացիների փաստաթղթերը եւ նրանց ձերբակալել մինչեւ երեք ժամ ժամկետով:  Նրանք կարող են նաեւ հատուկ միջոցներ օգտագործել  «կասեցնելու զանգվածային անկարգությունները եւ այլ հակաօրինական գործողությունները, որոնք խոչընդոտում են տրանսպորտի շարժմանը, կապի միջոցների եւ կազմակերպությունների աշխատանքին»: Ճշտվում է, որ անկարգությունները կասեցնելու եւ պատանդներին ազատելու ընթացքում գվարդիայի զինվորները կարող են ջրցաններ եւ զրահատեխնիկա կիրառել «դատախազին այնուհետեւ տեղյակ պահելով»:

Այժմ այդ իրավունքին տիրապետում են ներքին զորքի, ոստիկանության եւ ԱԴԾ-ի աշխատակիցները: 

Ազգային գվարդիայի ստեղծման մասին Պուտինը հայտնել է ապրիլի   5-ին: Ազգային գվարդիան կստեղծեն ՆԳՆ Ներքին զորքի հիման վրա:  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է այն տեղեկությունը, թե Ազգային գվարդիայի ստեղծումը կապված է առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների հետ: