Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազեւը հայտնել է, որ Կենտրոնական բանկի ստեղծած «նոր իրականության» մեջ գոյատեւում են միայն չարաշահողները, իսկ արտադրությունը մեռնում է: Այդ մասին նա գրել է   Twitter-ում: «Սա ուղի է դեպի տնտեսական աղետ», — ընդգծել է Գլազեւը:

Ինչպես հայտնում է RBK-ն, Գլազեւն իր գրառումն արել է որպես մեկնաբանություն Ռուսաստանի Բանկի փոխնախագահ Քսենիա Յուդաեւայի այն խոսքին, որով վերջինս կոչ էր արել  չկենտրոնանալ «ճգնաժամ» բառի վրա եւ նշել էր, որ ռուսաստանյան տնտեսության մեջ տեղի ունեցողն ամենից լավ նկարագրվում է «նոր իրականություն» արտահայտությամբ:

«Ռուսաստանի բանկի ղեկավարության կողմից արհեստականորեն ստեղծված նոր իրականությունը ստագֆլյացիան է, որը վերջ է դրել տնտեսական աճին», — ընդգծել է Գլազեւը: Նա նշել է, որ եթե չլիներ «նոր իրականությունը, ռուսաստանյան իրականությունը «կկարողանար տարեկան 6-8 տոկոս աճ գրանցել»: Նրա կարծիքով, Ռուսաստանին անհրաժեշտ է դուրս գալ  «Ռուսաստանի բանկի ստեղծած «նոր իրականության» սահմաններից դեպի տնտեսական աճի ուղի»:

Ռուսաստանի նախագահի աշխատակազմում պետության ղեկավարի խորհրդականի արտահայտություններն անվանել են նրա անձնական տեսակետը: 

«Տվյալ երեւույթը Գլազեւի անձնական տեսակետն է եւ ոչ մի կերպ չի արտացոլում ՌԴ նախագահի աշխատակազմի դիրքորոշումը», — լրագրողներին հայտնել է  նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: