ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչը հանիրավի մեղադրվել է հանցագործության կատարման մեջ. սուտ մատնության փաստով հարուցվել է քրեական գործ: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՔԾ-ին, ում մասնավորապես, ասվում է.
«2015 թվականի հունվարի 13-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորի գրության հիման վրա նախապատրաստված նյութերով տվյալներ են ձեռք բերվել, որ 2014 թվականի հուլիսի 16-ից մինչեւ 2015 թվականի փետրվարի 25-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչն իր վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, համոզելու միջոցով Սերժիկ Սահակյանից կորզել է իրականությանը չհամապատասխանող ցուցմունքներ՝ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու հետեւանքով տուժող Ա. Եղիազարյանին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի վերաբերյալ:
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են Սերժիկ Սահակյանի հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները: Մասնավորապես՝ Ս. Սահակյանը հայտնել է, որ Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Սրեյանին տեղեկացրել է, որ աշխատանքի պաշտպանության կանոնները չպահպանելու հետեւանքով մահացած Աշոտ Եղիազարյանին ծանուցել է անվտանգության կանոնների պահպանման մասին, սակայն քննիչը հորդորել է, որ իր բացատրությունում եւ ցուցմունքներում չնշի այդ մասին, այլ ընդունի իր մեղքը՝ նշելով, որ այդ կերպ կազատվի քրեական պատասխանատվությունից: Հավատալով եւ վստահելով քննիչին, նրա թելադրանքով իր բացատրությունում, ինչպես նաեւ ցուցմունքներում գրել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ՝ այդ կերպ ընդունելով իր մեղքն այն մասին, որ հանգուցյալին աշխատանքի պաշտպանության կանոնների մասին պատշաճ չի տեղեկացրել:
Իբրեւ ասվածի հիմնավորում, ՀՀ հատուկ քննչական ծառայությունում դեռեւս նյութերի նախապատրաստման ընթացքում Ս. Սահակյանը ներկայացրել է «Աշխատանքի պայմաններին եւ պահանջներին, ներքին կարգապահական կանոններին, աշխատավայրում աշխատանքի հետ կապված կանոնակարգող իրավական ակտերի եւ դրանց չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում առաջացած իրավական հետեւանքների մասին» իր մեկ այլ աշխատակցի` Յուրիկ Մկրտչյանին ծանուցելու մասին թերթիկի պատճենը եւ հայտնել, որ նմանատիպ ծանուցման թերթիկ ունեցել է նաեւ Աշոտ Եղիազարյանը, որը քննիչ Հ. Սրեյանի պահանջով հանձնվել է նրան:
Նշել է նաեւ, որ Աշոտ Եղիազարյանը եւ Յուրիկ Մկրտչյանը ծանուցման թերթիկները ստորագրել են մեկ անգամ՝ ծանուցման թերթիկում նշված օրը՝ 2014թ. ապրիլի 1-ին:
Նախաքննության ընթացքում Յուրիկ Մկրտչյանի անվամբ լրացված եւ 2014թ. ապրիլի 1-ով թվագրված՝ հիշյալ ծանուցման թերթիկում «Յուրիկ Մկրտչյան» եւ «Սերժիկ Սահակյան» գրառումների դիմաց կատարված ստորագրությունների վաղեմությունը պարզելու նպատակով Ս. Սահակյանից առգրավվել է հիշյալ ծանուցման թերթիկի բնօրինակը 2016թ. փետրվարի 3-ին նշանակվել փաստաթղթաբանական փորձաքննություն:
Համաձայն փաստաթղթաբանական փորձաքննության եզրակացության՝ փորձաքննությանը տրամադրված 01.04.2014թ. թվագրված ծանուցման մեջ առկա «Յուրիկ Մկրտչյան» եւ «Սերժիկ Սահակյան» գրառումների դիմաց տեղավորված թվով 2 ստորագրություններն ունեն մինչեւ 1 տարվա կատարման վաղեմություն, ինչը վկայում է այն մասին, որ փաստաթուղթը չէր կարող կազմված լինել եւ ծանուցվել ինչպես Յու. Մկրտչյանին, այնպես էլ` Ա. Աղիազարյանին դրանում թվագրված օրը` 2014թ. ապրիլի 1-ին:
Այսինքն՝ Սերժիկ Սահակյանը, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, ակնհայտ սուտ տեղեկություններ է հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Սրեյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության քննիչ Հ. Սրեյանի կողմից առերեւույթ հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` հանցագործության դեպքի բացակայության հիմքով:
Միաժամանակ հաշվի առնելով, որ Սերժիկ Սահակյանի արարքում առերեւույթ կան սուտ մատնություն կատարելու հանցակազմի հատկանիշներ, ուստի հիշյալ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




























