«Գազպրոմը» ստորագրել է վրացական կողմի առաջարկած պայմանագիրը: Վրաստանի Էներգետիկայի նախարարությունում արդեն ստացել են համապատասխան փաստաթուղթը:
Ինչպես հայտնում են Վրաստանի էներգետիկական գերատեսչությունից, ուժի մեջ են մնում պայմանագրի հին պայմանները, որոնց համաձայն, Վրաստանը Հայաստանին բնական գազի տարանցման դիմաց կստանա երկրի տարածքով անցնող գազի 10 տոկոսը` բնանյութով, հայտնում է «Գրուզիա On-line»-ը:
Միաժամանակ, ուժի մեջ մտնելու համար համաձայնագիրը պիտի ներքին ընթացակարգեր անցնի: Մասնավորապես, Արդարադատության նախարարությունը պիտի հավանություն տա համաձայնագրին, իսկ կառավարությունը պիտի հաստատի այն:
Հիշեցնենք, որ ռուսաստանյան կողմը դրամական վճարում էր պահանջում Վրաստանին հասնող 10 տոկոսի դիմաց: Վրացական կողմը կարողացավ պաշտոնական Բաքվի հետ պայմանավորվել գազի մատակարարումների ավելացման մասին, ինչի կապակցությամբ Ռուսաստանից լրացուցիչ ծավալների մատակարարման անհրաժեշտությունը վերացավ, ինչի հետեւանքով վրացական կողմը հրաժարվեց Ռուսաստանի առաջարկած պայմաններից եւ պայմանագիր առաջարկեց նախկին պայմաններով:





























