«Օֆշորի» հայտնի գործով տուժող Փայլակ Հայրապետյանը Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի անունները կապել է այս գործի հետ` դրան քաղաքական երանգ տալու համար եւ հասարակությանն հավատացնելու, որ իր ասածները ճշմարտացի են: Այս մասին այսօր` ապրիլի 7-ին, դատարանում, լրագրողների հետ զրույցում ասաց գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանի պաշտպան Յուրի Խաչատրյանը:
«Այն որ Փայլակ Հայրապետյանի ոչ բոլոր հայտարարություններն են համապատասխանում իրականությանը, արդեն հասկանալի է: Նա տեսավ, որ գործին քաղաքական երանգ տալն ավելի հեշտ է եւ այդպիսով ավելի շատ մարդկանց կարող է հավատացնել, որ իր գումարները տարվել են նաեւ այլ անձանց կողմից: Սակայն, տեսնում ենք, որ գործում նման հիմք չկա, Տիգրան Սարգսյանն ու Կճոյանը գործի հետ կապ չունեն»,-ասաց նա:
Նշենք, որ այսօրվա դատական նիստը մեղադրյալի, պաշտպանների եւ տուժողի բացակայության պատճառով հերթական անգամ հետաձգվեց: Այսօր դատարանում պետք է ցուցմունք տար գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը:
Հաջորդ դատական նիստը տեղի կունենա ապրիլի 14-ին:
Հիշեցնենք, որ «Օֆշորի գործով» տուժող ճանաչված, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել «Ամերիաբանկում», որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու և ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:
Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը: Սակայն 2014թ. հունվարին Թբիլիսում ձերբակալված եւ հինգ ամիս անց հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը պնդում է, որ Տիգրան Սարգսյանը և արքեպիսկոպոս Կճոյանը որևէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, և որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:
Գործով միակ մեղադրյալն այս պահին գործարար Աշոտ Սուքիասյանն է։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը հերքում են իրենց առնչությունը օֆշորային գործին:




























