Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 24-ին ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի Միջին Արևելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության փոխտնօրեն Ռատնա Սահայի գլխավորած պատվիրակությանը։
Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան։
Կողմերը քննարկել են ԱՄՀ կողմից իրականացվող ընթացիկ ծրագրի մանրամասներ։ Ռատնա Սահայը բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ծրագրի կատարողականի մակարդակը ի համեմատ մի շարք այլ երկրների եւ գոհունակությամբ նշել, որ Հայաստանի տնտեսությունը թեպետ դանդաղ, բայց վերականգնման փուլ է մտել։ Նա նաեւ ողջունել է ֆինանսական շուկայում կայունության պահպանման ուղղությամբ ՀՀ Կենտրոնական բանկի ձեռնարկած քայլերը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է արվել նաեւ միջնաժամկետ ծախսերի ծրագրին առնչվող հարցերին։




























