Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու երթուղային ավտոբուսում դրամապանակ գողացած անձի ինքնությունը:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016 թվականի մարտի 22-ին քաղաքացուց գրավոր հաղորդում է ստացվել առ այն, որ 2016 թվականի փետրվարի 10-ին երթուղային ավտոբուսում իր պայուսակից հափշտակվել է դրամապանակը, որի մեջ եղել է գումար, բանկային եւ կուտակային քարտեր: Գողացված քարտով Երեւանի Մ. Խորենացի փողոցում գտնվող բանկոմատից կատարվել է գործարք՝ կանխիկացնելով զգալի չափի գումար։

Դեպքի առթիվ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:

Նախաքննության ընթացքում բանկից ստացվել է նշված բանկոմատի վրա տեղադրված անվտանգության տեսախցիկների՝ տվյալ գործարքի տեսագրությունը, որտեղ երեւում է գողացված քարտով գումար կանխիկացրած տղամարդը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ նախաքննության իրականացումն ապահովելու համար միջոցներ են ձեռնարկվում՝ լուսանկարում պատկերված անձի ինքնությունը պարզելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են նշված անձին կամ որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին կամ ոստիկանության մոտակա բաժին: