Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումն իհարկե կա Հայաստանի օրակարգում: Այս մասին ապրիլի 8-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀԿ պատգամավոր, «Եվրոպական ինտեգրացիա» հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:
Պատգամավորի խոսքով,անձամբ ինքը հակված չէ կարծելու, թե Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումը աշխարհի վերջն է: «Եվ իհարկե կա գործընթացի զարգացման տրամաբանություն: Այսօր քաղաքականությունն այն գործիքներից մեկն է, որը չի սիրում մեծ թռիչքներ՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության ճանաչումը պետք է հաջորդի միջանկյալ քայլի՝ ռազմական փոխօգնության մասին պայմանագրի կնքմանը»,- շեշտել է Բեքարյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ի երեկոյան Ազգային անվտանգության խորհրդի արտահերթ նիստի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտնել էր, որ ԱԳՆ-ին հանձնարարել է պատրաստել պայմանագիր Լեռնային Ղարաբաղի հանրապետության հետ ռազմական փոխօգնության մասին:




























