Ոչ ոք կասկածի տակ չի դնում մեր զինվորականների եւ բանակի համարձակությունն ու կոմպետենտությունը, սակայն պետք է հասկանանք բանակի տեխնիկապես հետ մնալու պատճառները։ Այս մասին ապրիլի 8-ին խորհրդարանական ճեպազրույցներում ասել է ՀԱԿ խմբակցության քարտուղար Լեւոն Զուրաբյանը։

«Ես ուզում եմ մի քանի հարց առանձնացնել, որոնց պետք է անդրադառնանք հետագայում։ Մենք չպետք է հայտնվեինք իրավիճակում, երբ հարցը լուծվեր բացառապես հերոսությամբ, խիզախությամբ եւ կորուստներով։ Հարցեր են առաջանում, թե ինչո՞վ էր զբաղված պետությունը 20 տարի։ Ինչու՞ 20 տարի ճակատի գիծը չի ամրացվել հավուր պատշաճի։ Ինչու՞ 20 տարում այդ աշխատանքը չի կատարվել։ Ինչու՞ ենք մենք տեխնոլոգիապես Ադրբեջանից հետ մնացել։ Ինչու՞ մենք անօդաչու սարքեր չենք ունեցել, ինչու՞ թշնամուն հետեւող ջերմային տեսախցիկներ չենք ունեցել։ Եթե մեր գիծը հագեցած լիներ ռազմական տեխնիկայի բարձրագույն նվաճումներով, մենք ոչ միայն նման կորուստներ չէինք կրի, այլ հակառակորդը չէր համարձակվի անգամ հարձակում սկսել։ Չեմ կարծում, թե դա կապված է բանակի ոչ կոմպետենտ լինելու կամ չլինելու հետ։ Դա կապված է այլ հարցերի հետ, որոնք մենք ապագայում կվերլուծենք»,- ասել է Զուրաբյանը։