Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելով ենթադրում էր մի քանի ժամվա կամ օրվա ընթացքում ձեռք բերել ռամավարական նոր դիրքեր, որոնք նրան հնարավորություն կտային բանակցային սեղանի շուրջ նստել բոլորովին այլ դիրքերից եւ դա օգտագործել որպես ճնշման միջոց Հայաստանի նկատմամբ: Այս մասին այսօր` ապրիլի 8-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
«Կարող ենք փաստել, որ դա չստացվեց եւ Ադրբեջանի հույսերը որեւէ կերպ չարդարացան»,- ասաց Խոսրով Հարությունյանը:
Նրա խոսքով` վերջին իրադարձությունները ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հնարավորություն տվեցին եւս մեկ անգամ գնահատելու Ղարաբաղի պաշտպանության բանակի մարտունակությունը:
«Պետք է արձանագրենք, որ ադրբեջանական հրոսակների դեմ պայքարում էին ղարաբաղյան զինված ուժերը, հայկական զինված ուժերը ներգրավված չեն եղել, եւ չնայած դրան` քառօրյա գործողությունների արդյունքում Ադրբեջանը չկարողացավ որեւէ շոշափելի արդյունք արձանագրել»,- նշեց նա:
Խոսրով Հարությունյանը նկատեց, որ Ադրբեջանը մի քանի անգամ զիջեց արձանագրված ռազմական տեխնիկայի եւ մարդկային կորուստների առումով, ինչը ստիպեց Ադրբեջանի նախագահին դադարեցնել ռազմական գործողությունները:
«Մարդկային կորուստներն իհարկե ոչ, բայց ռազմական տեխնիկան Ադրբեջանի համար արագ վերականգնելի է: Այս տեսակետից Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը պետք է ավելի ուշադիր լինեն մեր ռազմական պոտենցիալի նկատմամբ, ավելի նպաստավոր ռազմավարություն ընտրեն, որպեսզի հնարավորինս քիչ կորուստներով կարողանանք առավելագույն արդյունք արձանագրել»,- ասաց նա:
Խոսրով Հարությունյանը համոզված է, որ ռազմական գործողությունների այս հրադադարը երկար չի տեւի, պարզ պատճառով` Ալիեւը պետք է փորձի ամեն գնով իր քաղաքական դեմքը փրկել. սա ամենամեծ խնդիրն է, որը միջազգային հանրությունը պետք է փորձի հաղթահարել:
«Վիրավոր գազան` այսպես կարելի է բանաձեւել, եւ նա պետք է փորձի ցանկացած ձեւով թե ներսում` իր հանրության մոտ, թե միջազգային տարբեր շրջանակներում ապացուցել, որ նա մարտունակ է եւ կենսունակ: Ճանաչելով այդ քաղաքական գործչին կարելի է ենթադրել, թե ինչ քայլեր են այժմ այնտեղ ընթանում»,- նկատեց նա:
Խոսրով Հարությունյանի խոսքով` այսօր առավել քան երեւէ միջազգային հանրության առջեւ կանգնած է ծանրագույն խնդիր` ոչ միայն լոկալացնել այս «ռազմական ավանտյուրան» եւ հնարավորություն չտալ որպեսզի այն վերաճի լայնամասշտաբ պատերազմական գործողությունների, այլ նաեւ ստիպել Ադրբեջանին նստել բանակցային սեղանի շուրջ:
«Սա հիմնական խնդիրն է որի առաջ կանգնած են համանախագահող երկրները: Գիտակցում են այս խնդրի կարեւորությունը Մինսկի խմբի անդամները թե ոչ, թույլ տվեք որոշ վերապահումներ անել, որովհետեւ առ այսօր բոլոր տեսակի հայատարարությունները, բացառությամբ մեկ երկուսի, եղել են սիմետրիկ, հավասարահեռ, ընդհարացված եւ ոչինչ չասող: Ժամանակն է պնդել, որ նման հայտարարությունները նպաստում են ագրեսիային, նման հայտարաություն անել, նշանակում է բաց թողնել ագրեսորի ձեռքերը»,- ասաց նա:




























