Ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» կոնցեռնը, որը միավորում է երկրի հիմնական պաշտպանական ձեռնարկությունները, հայտնել է Թուրքիայի հետ ժամանակակից ռազմական տեխնիկայի համատեղ արտադրություն սկսելու պայմանավորվածության մասին, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը:  

Ինչպես հայտնել է կոնցեռնի մամուլի ծառայությունը, ռազմական ռադիոտեղորոշիչ կայանների համատեղ մշակման եւ արտադրության մասին հուշագիրը ստորագրվել է թուրքական   Havelsan ընկերության հետ:

«Մենք թուրքական առաջատար ընկերության հետ միավորում ենք ջանքերը եւ հզոր, նորարարական արտադրանք կմշակենք, որը կհամապատասխանի սպառազինության միջազգային ստանդարտներին», - «Ուկրօբորոնպրոմի» գլխավոր տնօրեն Ռոման Ռոմանովին է մեջբերում մամուլի ծառայությունը:

Նրա խոսքով, ուկրաինական պաշտպանական արդյունաբերական համալիրի առաջնային խնդիրներից մեկը սպառազինության եւ ռազմական տեղխնիկայի արտադրության մեջ միջազգային ստանդարտների անցումն է: 

«Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, այդ պատճառով այդ փորձը Ուկրաինային թույլ կտա խորացնել ռազմատեխնիկական համագործակցությունը նատոյական երկրների հետ», - նշված է հաղորդագրության մեջ:

Մամուլի ծառայության տվյալներով, «Ուկրօբորոնպրոմը» եւ Havelsan-ը պայմանավորվել են ավիացիայի ոլորտում համագործակցության ընդլայնման վերաբերյալ: