Wood Mackenzie հետազոտական ընկերությունը կարծում է, որ նավթի արժեքը 2017-ի վերջին կարող է հասնել մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակի, հայտնում է Բլումբերգ գործակալությունը` վկայակոչելով Քուվեյթի համաժողովին ընկերության փորձագետ Ստյուարտ Ուիլյամսի հայտարարությունը:
«Նավթի գները կարող են հասնել մեկ բարելի դիմաց 60 դոլարի մակարդակին», — նրա խոսքերն է մեկնաբանում գործակալությունը: Փորձագետը նշում է, որ նավթի պահուստը թեթեւակիորեն կկրճատվի 2016-ի վերջին, իսկ 2017-ի երրորդ եռամսյակում նվազումն այնքան մեծ կլինի, որ կաջակցի գներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նավթային ոլորտի արտադրական հզորություններում ներդրումների կրճատման ընթացիկ միտումն ավելի երկարաժամկետ հեռանկարում` 2025-ին կարող է հանգեցնել «սեւ ոսկու» շուկայում առաջարկի օրական ավելի քան 20 մլն բարել դեֆիցիտի: Սակայն ՕՊԵԿ-ի երկրների կողմից արտադրությունը շարունակում է աճել, ինչը փոխհատուցում է առաջարկի ապագա պակասը:
Միաժամանակ Ուիլյամսը հայտնել է, որ նավթ արդյունահանող երկրների միջեւ «սեւ ոսկու» արդյունահանումը 2016-ի հունվարի մակարդակում սառեցնելու համաձայնությունը մեծ ազդեցություն չի ունենա գների վրա:
Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Կատարը եւ Վենեսուելան փետրվարի 16-ին Դոհայի հանդիպմանը նավթի համաշխարհային գները պահպանելու նպատակով պայմանավորվել են արդյունահանումը 2016-ին պահել հունվարի մակարդակում, եթե այլ արտադրողներ միանան նախաձեռնությանը: Նման պատրաստակամություն հայտնած երկրների թվում են Էկվադորը, Ալժիրը, Նիգերիան, Օմանը, Քուվեյթը, ԱՄԷ-ն:
ՕՊԵԿ-ի անդամ եւ այդ կազմակերպության մեջ չմտնող երկրները ապրիլի 17-ին Կատարի մայրաքաղաք Դոհայում կհանդիպեն նավթի արդյունահանման սառեցման պայմանավորվածությունը քննարկելու:



























