Տու-154Մ ինքնաթիռի օդաչուները, որը  2010-ի ապրիլի 10-ին ընկել էր Սմոլենսկի մոտ, անտեսել են վտանգի վերաբերյալ բազմաթիվ զգուշացումները, հայտնում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով լեհական  TVN24 հեռուստաալիքին:

Նշվում է, որ հեռուստաալիքի տրամադրության տակ է հայտնվել օդաչուների խցիկում զրույցի թարմացված եւ ավելի թվայնացված տարբերակը: 

«Նոր տարբերակի շնորհիվ հնարավոր է եղել 30-40 տոկոսով ավելի շատ տեղեկություններ ստանալ: Ձայնագրությունը թույլ է տալիս հասկանալ խցիկում իրավիճակը եւ ապացուցում է, որ օդաչուներն անտեսել են բազմաթիվ զգուշացումներ», — նշում է հեռուստաալիքը: 

Աղետից 16 րոպե առաջ օդաչուները զգուշացում են ստանում  Յակ-40 ինքնաթիռի գործընկերներից, որը Սմոլենսկում վայրէջք էր կատարել Տու- 154Մ-ից առաջ. վերջիններս հայտնում էին, որ իրենց հաջողվել է վայրէջք կատարել վերջին պահին:  Յակ- 40-ի օդաչուն նախագահական ինքնաթիռի օդաչուներին նաեւ առաջարկել է վայրէջք կատարել, իսկ եթե չհաջողվի, թռչել Մոսկվա կամ ուրիշ որեւէ տեղ:   

Դրանից հետո Տու-154Մ-ի օդաչուները իրար հետ քննարկել են իրավիճակը եւ արարողակարգի ղեկավարին հայտնել են, որ ամեն ինչ կանեն վայրէջք կատարելու համար: 

Ձայնագրության մեջ լսվում է նաեւ, որ ինչ-որ մեկն անընդհատ մտնում-դուրս է գալիս օդաչուների խցիկ, իսկ անկումից մի քանի րոպե առաջ ենթադրաբար ՌՕՈՒ-ի ղեկավարը նշում է թռիչքի բարձրությունը եւ խորհուրդ է տալիս նստեցնել ինքնաթիռը: Չնայած, նորմերի համաձայն, Տու- 154Մ-ը կարող է վայրէջք կատարել միայն   1,5 հազար մետր տեսանելիության պայմաններում, վայրէջքը շարունակվում է: 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ պաշտպանության լեհ նախարարը Սմոլենսկի ավիաաղետը ահաբեկչական գործողություն է կոչել: 

Տու-154 ինքնաթիռը 2010-ի ապրիլի 10-ին ընկել էր Սմոլենսկի մոտ: Ինքնաթիռում բոլոր գտնվողները` նախագահը տիկնոջ հետ եւ կառավարական պատվիրակության    86 անդամները, որոնք Կատինում հոգեհանգստի արարողության էին թռչում, ինչպես նաեւ անձնակազմի անդամները զոհվել էին: