ԳԴՀ-ի կառավարությունը մանրամասնորեն ուսումնասիրում է Անկարայից ստացված նոտան, որը կոչ է պարունակում` միջոցներ ձեռք առնել հեռուստահաղորդավար Յան Բեմերմանի դեմ, որը գերմանական հեռուստատեսության եթերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հասցեին վիրավորական բանաստեղծություն է կարդացել: Այդ մասին հայտնել է ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում գտնվող Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք բանավոր նոտա ենք ստացել թուրքական կառավարության կողմից, համապատասխան գերատեսչությունները, այդ թվում` կանցլերի գերատեսչությունը, մանրամասնորեն ուսումնասիրում են այն, այդ գործընթացը կավարտվի մոտ օրերս: Բայց ուզում եմ եւս մեկ անգամ ընդգծել, որ մենք հիմնարար իրավունքներ ունենք, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, այդ թվում նաեւ` խոսքի ազատության պաշտպանությանը վերաբերող պարբերություն, եւ այդ իրավունքներն ուժի մեջ են, անկախ քաղաքական բոլոր խնդիրներից», - ընդգծել է Մերկելը:





























