Եթե այսպես շարունակվի, պետք է տարածքներն ավելի մեծացնենք: Այս մասին այսօր՝ ապրիլի 12-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

Հարցին, թե ՀՅԴ-ն շարունակում է հավատարիմ մնալ «ոչ մի թիզ հող» կարգախոսին, Ռուստամյանն արձագանքեց. «Հողերի մասին խոսելը հիմա անիմաստ է: Պատկերացրեք, մենք այդ հողերը չունենայինք, ադրբեջանցիները մտած կլինեին Հայաստանի տարածք: Այսինքն «անվտանգության գոտի» որ ասում ենք, դատարկ խոսք չէր եւ 1994-ին, երբ հրադադարը կնքվեց, կնքվեց հենց դա նկատի ունենալով, որ պետք է մեր անվտանգությունը մեր ձեռքում պահենք, որովհետեւ տեսնում ենք միջազգային հանրության կրավորական կեցվածքը»:

Նրա խոսքով, եթե հայ զինվորը չկասեցներ այս հարձակումը, մենք հիմա լուրջ խնդիրներ կունենայինք: «Այսինքն իրականում անվտանգությունը մենք ենք ապահովում եւ անվտանգության երաշխիքներից մեկն էլ այդ տարածքներն են, որոնք որպես անվտանգության գոտի ունենք: Ընդհակառակը, եթե այսպես շարունակվի, պետք է տարածքներն ավելի մեծացնենք, որպեսզի անվտանգության գոտին ավելի մեծանա եւ անվտանգությունը երաշխավորվի»,-ընդգծեց Ռուստամյանը: