Օպերայի ազգային ակադեմիական թատրոնում սեպտեմբերի 24-ին իսկական մշակութային իրադարձություն էր։ Արամ Խաչատրյան ֆիլհարմոնիկ մեծ համերգասրահում Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Մոսկվայի վիրտուոզներ» նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վլադիմիր Սպիվակովի գլխավորությամբ ելույթ էր ունենում ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը։
Համերգն իր ներկայությամբ պատվել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կնոջ՝ Ռիտա Սարգսյանի հետ։ Հատկանշական էր նաեւ այն, որ համերգին ներկա էր Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն, ում ուղեկցում էր Ռուսաստանում Հայաստանի նախկին դեսպան, ԱՊՀ երկրների համագործակցության միջպետական հումանիտար հիմնադրամի տնօրեն Արմեն Սմբատյանը։
Նախքան համերգը սկսելը ողջույնի խոսքով հանդես եկավ Ռուսաստանի նախագահի մշակութային համագործակցության գծով խորհրդական Միխայիլ Շվիդկոյը, ով կարեւորեց նման ձեւաչափով նվագախումբ ստեղծելու գաղափարը։ Նրա խոսքով, ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբ ստեղծելը համարձակ որոշում էր, քանի որ նվագախումբը համախմբում է ԱՊՀ գրեթե բոլոր պետությունների՝ այդ թվում եւ ադրբեջանցի երիտասարդների։
Համերգը մեկնարկեց Ալեքսանդր Հարությունյանի «Տոնական նախերգանք» ստեղծագործությամբ։ Երիտասարդ երաժիշտները մաեստրոյի ղեկավարությամբ կատարեցին նաեւ Պյոտոր Չայկովսկու «Կարապի լիճ» եւ «Շչելկունչիկ» բալետներից, Բիզեի «Կարմեն», Վերդիի «Ճակատագրի ուժը», ինչպես նաեւ Քամիլ Սեն Սանսի «Սամսոն եւ Դալիլա» օպերաներից։ Հնչեց նաեւ Պագանինիի «Ջութակի եւ նվագախմբի համար թիվ 1 կոնցերտ» ստեղծագործությունը։
Նշենք, որ ԱՊՀ երկրների երիտասարդական սիմֆոնիկ նվագախմբում հանդես են գալիս 7 հայ եւ 4 ադրբեջանցի երիտասարդ կատարողներ։




























