Ղարաբաղյան հակամարտությունը սպառնում է տարածաշրջանային անվտանգությանն ու խոչընդոտում Հայաստանի եւ Ադրբեջանի զարգացմանը: Այս մասին ապրիլի 12-ին Եվրախորհրդարանին հղած ուղերձում հայտարարել է ԵՄ դիվնագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Հարավային Կովկասն առանցքային տարածաշրջան է Եվրոպայի համար, այն աճի հսկայակա պոտենցիալ ունի»,- հայտարարել է Մոգերինին՝ հավելելով, որ լայնածավալ հակամարտությունը ոչնչի չի հանգեցնի:

Խոսելով շփման գծում իրավիճակի վերջին սրացման մասին՝ նա հայտարարել է, որ ծանր հրետանու օգտագործումն ու զոհերի հսկայական թիվը, ինչպես նաեւ Բաքվից եւ Երեւանից հնչող հայտարարությունները լուրջ վտանգ են ստեղծում:

Նա հիշեցրել է, կողմերին ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ է արել եւ առանձին բանակցություններ անցկացրել Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ:

«Իրավիճակի սրացումը ցույց է տալիս, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ հարկավոր է դադարեցնել խաղաղ բնակչության դեմ հարձակումները:

Նա խորհրդարանականներին կոչ է արել հակամարտության կարգավորմանը նպաստել խորհրդարանական կապերի եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների օգնությամբ:

Ամեն դեպքում, ըստ Մոգերինիի, Եվրամիությունը չի կարող աչք փակել ստատուս-քվոյի վրա եւ կողմերը պետք է վերականգնեն բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: Միաժամանակ, նա ընդգծել է, որ հակամարտության լուծման բանալին կողմերի ձեռքում է, եւ հարկավոր են նոր ջանքեր, հատկապես՝ անվտանգության միջոցառումներ եւ հետաքննության մեխանիզմներ, որոնք ԵՄ-ի աջակցությունն են գտել: