ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում հրադադարի խախտման հետաքննությունների մեխանիզմ ընդունել, եւ Հայաստանը համաձայն է դրան: Այս մասին հայտարարել են Եվրախորհրդարանում Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցություններին մասնակցող մի քանի խորհրդարանականներ:
«Միակ պատճառը, որի արդյունքում այս մեխանիզմը չի ներդրվում, Ադրբեջանի մերժումն է»,- հայտարարել է Բուլղարիայից պատգամավոր Անգել Ջամբազկին՝ հավելելով, որ ռազմավարական գործընկեր Ադրբեջանի այսպիսի պահվածքն անընդունելի է:
Չեխիայից պատգամավոր Յարոմիր Շտետինան էլ հիշեցրել է, որ Խորհրդային Միությունը Ղարաբաղը միավորեց Ադրբեջանին, եւ «Ադրբեջանին սատարելը կնշանակի սատարել այն ժամանակվա անմարդկային ազգայնական խորհրդային քաղաքականությունը»:
Իսկ Լիտվայի ներկայացուցիչ Պետրաս Աուշտրեւիչյուսը խոսել է հակամարտությունում Ռուսաստանի դերի մասին՝ նշելով, որ զենքի վաճառքից ստացվող արյունոտ փողերը լցվում են Ռուսաստանի բյուջե: Նա Եվրախորհրդարանին կոչ է արել կանգնեցնել տարածաշրջանում Ռուսաստանի կործանարար գերակայությունն ու վերադառնալ որպես գլխավոր բանակցող:




























