Քաղբանտարկյալներին համաներում շնորհելու մասին օրենքը հակասահմանադրական ճանաչելու ֆոնին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն ապրիլի 13-ին ճշմարտության ու արդարության հանձնաժողով է ստեղծել, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Վենեսուելայի նախագահը նաեւ ընդդիմությանն է կոչ արել մասնակցել նոր կառույցի աշխատանքներին: Ապրիլի 11-ին Վենեսուելայի գերագույն դատարանը հակասահմանադրական էր ճանաչել համաներման մասին օրենքը, որը ավելի վաղ ընդունել էր երկրի խորհրդարանը:
Եթե օրենքը գործեր՝ ազատության մեջ կհայտնվեր նաեւ ընդդիմության նշանավոր առաջնորդներից մեկը՝ Լեոպոլդո Լոպեսը, որը իր 14 տարվա պատիժն է կրում 2014-ի սկզբին զանգվածային անկարգություններին մասնակցելու համար, որոնց հետեւանքով 43 մարդ էր զոհվել: Վենեսուելայում, ըստ միջազգային դիտորդների գնահատականների, 75 քաղբանտարկյալ կա:
Նախագահ Նիկոլաս Մադուրոն մինչ այդ հայտարարել էր, որ չի ստորագրելու համաներման մասին օրենքը ու այն անվանել էր «դանակ խաղաղության համար»: Հենց նա էլ առաջարկել էր ստեղծել հաշտեցման հանձնաժողով 2014-ի անկարգությունների զոհերի ու բանտերում գտնվող ընդդիմադիրների շուրջ իրավիճակը կարգավորելու համար:





























