Ամերիկայի հայկական համագումար Կոնգրեսի անդամներին կոչ է արել դուրս գալ Կոնգրեսի Թուրքիայի եւ Ադրբեջանի աջակցության խմբերից Ադրբեջանի կողմից Թուրքիայի աջակցությամբ ապրիլի 2-ին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակում գործելու ֆոնին։

Համագումարի նամակում ուշադրություն է հրավիրվում Ադրբեջանի կատարած վայրագությունների, այդ թվում՝ 12-ամյա երեխայի սպանության, տարեց ամուսինների մարմինների խոշտանգումների, ազգությամբ եզդի հայաստանցի զինծառայողի գլխատման եւ մյուս բարբարոսությունների վրա։ Նամակը հիշեցնում է, որ դրանք հրապարակվել են համացանցում, ճիշտ այնպես, ինչպես ԻՊ-ն է իր կատարած վայրագություններն ի ցույց դնում աշխարհին։

«Այս բարբարոսությունները խորը տագնապի տեղիք են տալիս, ակնհայտորեն խախտում են Ժնեւի կոնվենցիայի դրույթները եւ շատ նման են ԻՊ գործելաոճին։

Անկախ Ադրբեջանի եւ Թուրքիայի ռեժիմների կողքին կանգնելու ձեր պատճառներից՝ մենք չենք կարող պատկերացնել, որ ամերիկացիները պետք է հանդուրժեն նման վարքագիծը»,- ասված է նամակում։