Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թերնբուլը ապրիլի 13-ին հաստատել է տեղական լրատվամիջոցների հաղորդագրությունները այն մասին, որ երկրի ԱԳՆ ներկայացուցիչները խորհրդակցություններ են վարում իրենց լիբանանյան գործընկերների հետ Բեյրութում եկ շաբաթ առաջ կալանավորված նկարահանման խմբի անդամներին ազատ արձակելու հնարավորության մասին: «Մենք նրանց ամեն կերպ աջակցում ենք, միեւնույն ժամանակ ընդունում ենք, որ լիբանանյան դատական իշխանությունները իրավունք ունեն հետաքննություն անցկացնել ու հետեւել սահմանված ընթացակարգերին, եթե համարեն, որ օրենքը խախտվել է»,- ասել է վարչապետը լրագրողներին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Channel 9 հանրահայտ ավստրալիական ալիքի հեռուստալրագրողները՝ «60 րոպե» ծրագրի հաղորդավար Տարա Բրաունը, պրոդյուսերը, օպերատորն ու հնչունային օպերատորը Լիբանան էին գնացել, որպեսզի տեսանյութ նկարահանեին Բրիսբենի բնակիչ Սալլի Ֆոլքներին նրա երկու երեխաներին վերադարձնելու մասին: Սալին պնդում է, որ երեխաներին Ավստրալիայից խաբեության միջոցով Լիբանան էր տարել հայրը՝ Սալիի նախկին ամուսին լիբանանցի Ալի Էլամինը: Ի սկզբանե Ֆոլքները օգնության համար դիմել էր իր երկրի ԱԳՆ-ին, որտեղ նրա խոսքով «հետաքրքրություն չեն դրսեւորել»: Հետո նա որոշել է խնդրի լուծման համար վարձել «միջազգային գործակալություններից մեկի» աշխատակիցներ:
Վկայակոչելով լիբանանյան մամուլը՝ Ավստրալիայի լրատվամիջոցները անցած շաբաթ պատմել էին, թե ինչպես են այդ աշխատակիցները օրը ցերեկով Բեյրութի մարդաշատ փողոցներից մեկում երեխաներին առեւանգել նրանց տատիկի մոտից ու թաքնվել: Դրանից հետո գործին միջամտել էր ոստիկանությունը՝ գտել էր երեխաներին, ձերբակալել Սալլի Ֆոլքներին, իսկ ավելի ուշ՝ նաեւ ավստրալիացի լրագրողներին, որոնք նկարահանել են կատարվածը: Երեխաներին վեադարձրել են հորը, որը պնդում է, որ իր նախկին կինը սկզբում չէր առարկել, որ ինքը երեխաներին Լիբանան բերի ու աղմուկ է բարձրացրել միայն այն բանից հետո, երբ ինքը դադարել է կնոջը փող ուղարկել:
Ավստրալիական լրատվամիջոցների տվյալներով, Ֆոլքները մոտավորապես 115 հազար դոլար է վճարել միջազգային գործակալության աշխատակիցներին իր երեխաներին գտնելու ու վերադարձնելու համար: Այս կապակցությամբ ենթադրություններ են առաջացել, որ կինը այդ գումարը վճարել է այն միջոցներից, որոնք հեռուստալրագրողներն են նրան վճարել, որպեսզի նա թույլ տա իրենց նկարահանել կատարվածը: Channel 9-ի ներկայացուցիչները կտրականապես հրաժարվում են մեկնաբանել այդ ենթադրությունները::
Այս գործով դատական առաջին նիստը պետք է կայանա ապրիլի 13-ին: Եթե դատավորը հիմնավորված համարի դատախազի փաստարկները, որ լրագրողները մասնակցել են երեխաների առեւանգման հանցավոր դավադրությանը, ապա նրանց սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում:





























