Եվրամիությունն ու Իրանը պայմանավորվել են ուժեղացնել Սիրիայի, Իրաքի, Եմենի եւ Աֆղանստանի ճգնաժամերի պատճառով տուժածներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու հարցում գործողությունների համակարգումը: Այս մասին ասված է ԵՄ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա ՄՈգերինիի եւ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակել է Եվրահանձնաժողովի պատվիրակության՝ Թեհրան կատարած այցի ավարտին:

«Կողմերը մտադիր են ուժեղացնել Սիրիայի, Իրաքի, Եմենի եւ Աֆղանստանի ճգնաժամերի պատճառով մարդասիրական օգնության համակարգումը միջազգային հումանիտար օրենսդրության պահպանմամբ»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ Իրանն ու Եվրամիությունը երկխոսություն կսկսեն միգրացիոն հոսքերի հսկման եւ ապօրինի միգրացիայի հարցերի քննարկման համար:

Հայտարարության մեջ ասվում է, որ Իրանում հայտնված Աֆղանստանի քաղաքացիների աճող քանակի կապակցությամբ ԵՄ-ն մտադիր է անհապաղ 6.5 մլն եվրո հատկացնել որպես հումանիտար օգնություն, որից 1.5 մլն եվրոն կտրամադրվի դպրոցական տարիքի երեխաների՝ Իրանի կրթական  համակարգին ինտեգրվելու համար: