Հայաստանի կենտրոնական բանկը հրապարակել է 2010 թ. երրորդ եռամսյակի բաղադրյալ ինդեքսները, որը կազմվում է գործարարների եւ տնային տնտեսությունների հարցումների հիման վրա։ Այս ինդեքսների միջոցով գնահատվում է ե’ւ տնտեսական իրավիճակը տվյալ պահին, ե’ւ առկա սպասումները։
Նախորդ տարվա համեմատ ինդեքսները հիմնականում աճել են, ինչը տարօրինակ չէ՝ 2009-ը համարվում է ճգնաժամային տարի։ Սակայն 2010 թ. երկրորդ եռամսյակի համեմատ 3 ինդեքսներից երկուսը անկում են ապրել, ինչը բյուջետային քննարկումների նախօրեին կարելի է համարել նաեւ անվստահության արտահայտություն կառավարության զսպողական քաղաքականության հանդեպ։
Տնտեսական ակտիվության ինդեքսը, որը ցույց է տալիս պահանջարկի եւ պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումները՝ 105,8 տոկոս է նախորդ տարվա համեմատ եւ 106 տոկոս՝ նախորդ եռամսյակի համեմատ։
Գործարար միջավայրի ինդեքսը, որն արտահայտում է ռիսկերի եւ տնտեսական իրավիճակի փոփոխությունների կազմակերպությունների գնահատականները՝ աճել է նախորդ տարվա համեմատ (104,5 տոկոս), սակայն նվազել նախորդ եռամսյակի համեմատ (98,3 տոկոս):
Սպառողների վստահության ինդեքսը, որը ստացվում է խոշոր գնումներ կատարելու պատրաստակամության, եկամուտների կամ զբաղվածության փոփոխության եւ ներկա տնտեսական պայմանների գնահատականներից՝ նույնպես աճել է 2009 թ. համեմատ (102,3 տոկոս), սակայն նվազել` նախորդ եռամսյակի համեմատ (97,2 տոկոս): Նկատենք, որ սպառողները հատկապես բացասական պատասխան են տվել ապագա պայմաններին վերաբերող հարցերին, ինչով էլ հիմնականում պայմանավորված է սույն ինդեքսի նվազումը։
Տնտեսության ճյուղերից հատկապես անմխիթարական են շինարարության ոլորտի կազմակերպությունների սպասումները։ Բավական է ասել, որ տնտեսական ակտիվության ինդեքսը շինարարության մասով կազմում է 82,2 տոկոս նախորդ եռամսյակի համեմատ, ու սա ամենապեսիմիստական գնահատականն է։




























