Գերմանիայի կառավարության որոշումը՝ բավարարել Թուրքիայի ղեկավարության խնդրանքը, կապված երգիծաբան Յան Բեմերմանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հետ, չի ընդունում գերմանացիների 66 տոկոսը։ Այսպիսին են հարցման արդյունքները, որն անցկացրել է Emnid սոցիոլոգիական ծառայությունը։ Այդ արդյունքները տպագրել է Bild am Sonntag թերթը։
Հարցվածների միայն 22 տոկոսն է պաշտպանել Անգելա Մերկելի այդ որոշումը, իսկ 12 տոկոսը նշել է, որ անտարբեր է հեռուստահաղորդավարի հետ կապված սկանդալի նկատմամբ։
Հեռուստահաղորդավար Յան Բեմերմանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին վիրավորանք պարունակող բանաստեղծություն է ընթերցել այս տարվա մարտի 31-ին հեռուստատեսային երգիծական հաղորդումներից մեկի ժամանակ, որը եթեր է հեռարձակվում ZDF ալիքով։ Ապրիլի 11-ին Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը հայտնել է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն Թուրքիայի կողմից բանավոր բողոք է ստացել, որտեղ Թուրքիան կոչ է անում միջոցներ ձեռնարկել հեռուստահաղորդավարի նկատմամբ։
Պաշտոնական Բեռլինի ֆորմալ համաձայնությունը անհրաժեշտ է եղել, որ դատախազություն հայց ներկայացնի նաեւ հենց Էրդողանը։ Նման դեպքերում Գերմանիան պետք է իրավունք տա այլ երկրին՝ իր քաղաքացու նկատմամբ հետապնդում սկսելու համար։
Ավելի վաղ Մերկելը հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունը որոշել է բավարարել հարցումը եւ չխոչընդոտել երգիծաբանի դեմ հետապնդում սկսելուն։ Ավելի ուշ պարզվել է, որ Գերմանիայի կառավարությունում այս հարցով ձայները ուղիղ կիսվել են։ Սոցիալ-դեմոկրատները դեմ են հանդես եկել, եւ վճռական է եղել կանցլերի դիրքորոշումը։





























