Արարատի մարզում անցած տարվա օգոստոսին տեղի ունեցած ողբերգական վթարի գործով նշանակված նիստն ապրիլի 18-ին, կրկին հետաձգվել է:
NEWS,am-ի թղթակցի հետ զրույցում գործով մեղադրյալ, իրանցի վարորդ Իսմայիլ Խանիխեռադինիի պաշտպան Անդրանիկ Մնացականյանը հայտնեց, որ նիստը հետաձգվել է, քանի որ տուժողները շարունակում են քաղհայցեր ներկայացնել:
«Տուժողներից մեկն այսօր էլ հայցադիմում է ներկայացրել, որը դատարանն ուղարկեց թարգմանության, որպեսզի հետո ներկայացնեն իմ պաշտպանյալին»,- ասաց Անդրանիկ Մնացականյանը:
Այս գործը դատարան էր ուղարկվել այս տարվա փետրվարին: Գործով դատաքննությունը դեռեւս չի սկսվել, քանի որ վթարի հետեւանքով տուժած քաղաքացիները շարունակում են քաղհայցեր ներկայացնել:
Նշենք, որ մինչ այս իրանցի վարորդի դեմ քաղաքացիական հայց էին ներկայացրել 5 տուժող, որոնք միասին պահանջում էին մոտ 15 մլն դրամ: Անդրանիկ Մնացականյանի խոսքով, այս պահին հայտնի չէ, թե ընդհանուր ինչքան գումար են պահանջում իր պաշտպանյալից:
Ըստ մեղադրական եզրակացության՝ իրանցի Իսմայիլ Խանիխեռադինին օգոստոսի 11-ին իր վարած բեռնատար ավտոմեքենայով բեռնված 24 հազար լիտր կերոսինով, Մեղրու մաքսակետից մուտք է գործել ՀՀ տարածք եւ ուղեւորվել դեպի Երեւան: Օգոստոսի 13-ին ժամը 08:00-ի սահմաններում Մեղրի-Երեւան ավտոճանապարհի Արարատի մարզի Պարույր Սեւակ գյուղի ճանապարհատվածով ընթանալիս վարորդ Իսմայիլ Խանիխեռադինը գտնվել է թմրամիջոցի ազդեցության տակ: Ավտոմեքենան շահագործել է դրա քարշակի առջեւի սռնին արգելակային մեխանիզմներով կահավորված չլինելու եւ կիսակցորդի արգելակային մեխանիզմներից մեկն ապակարգավորված վիճակում:
Արդյունքում, երբ առջեւից ընթացող բեռնատար ավտոմեքենայի հետ միջտարածությունը պահպանելու նպատակով Իսմայիլ Խանիխեռադին դիմել է արգելակման, արգելակներն այլեւս չեն գործել, որից հետո ցանկացել է օժանդակող փոխանցման տուփը 4-րդ աստիճանից փոխանցել 3-րդ աստիճանի, սակայն չի կարողացել: Այլեւս չկարողանալով կառավարել ավտոմեքենայի ընթացքն ու անցնելով շուրջ 3 կմ տարածություն՝ Երասխ գյուղի ճանապարհահատվածում առջեւի մասով նրա մեքենան ընդհարվել է համընթաց ընթացող Արշակ Աղաբեկյանի վարած ավտոմեքենային, ապա բախվել երթեւեկելի մասից դուրս կայանված Սամվել Ստեփանյանի, Աշոտ Գեւորգյանի, Վահրամ Արզումանյանի եւ Գրիգորի Պադարյանի ավտոմեքենաներին, ինչի հետեւանքով ավտոմեքենայի ուղեւորներ Սուսան եւ Աննա Բադալյանների առողջությանն անզգուշությամբ պատճառել է համապատասխանաբար միջին ծանրության եւ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, իսկ մեկ այլ ավտոմեքենայի վարորդ Վահրամ Արզումանյանին անզգուշությամբ պատճառել է մահ:
Իսմայիլ Խանիխեռադին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա կալանավորված է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2015թ. օգոստոսի 13-ին Արարատի մարզի Երասխ գյուղում տեղի էր ունեցել ավտովթար՝ հրդեհի բռնկումով. պարսկական համարանիշներով բեռնատար ավտոմեքենայի վարորդը Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում` Երասխի «կալցեւոյի» մոտ, բախվել էր 7 ավտոմեքենայի: Վթարի հետեւանքով կա 1 զոհ եւ 9 վիրավոր:




























