Հայաստանում ընտրազանգվածի թվի վրա մեծ ազդեցություն ուի երկու կարեւոր հանգամանք՝ արտագաղթն ու ԱՊՀ-ում, այդ թվում եւ Հայաստանի տարածքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումը: Այս մասին սեպտեմբերրի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքական եւ ընտրական տեխնոլոգ Արմեն Բադալանը՝ հավելելով, որ էլեկտորատն ունի հետեւյալ կառուցվածքը՝ քաղաքական կողմնորոշմամբ քվեարկողներ, անձնական կողմնորոշմամբ քվեարկողներ եւ տատանվողներ: Բադալյանի խոսքով՝ ԱՊՀ շատ երկրներում քաղաքական գործընթացներն ու քաղաքական էլիտայի ձեւավորումը վերահսկվում է Ռուսաստանի կողմից, եւ որ երկրում որ տեղի է ունենում Ռուսաստանի կամքին դեմ որեւէ քայլ, ապա այդ երկիրը հայտնվում է Ղրղըզստանի վիճակում:

Անդրադառնալով ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» ընտրազանգվածին, Արմեն Բադալյանը նշեց, որ այդ երկու կուսակցություններն էլ լիդերային կուսակցություններ են: Սակայն 2008-ի մարտի 1-ից հետո ՕԵԿ-ն, անցնելով իշխանությունների կողմը, կոտրեց իր ընտրազանգվածին եւ Արթուր Բաղդասարյանի պայքարող կերպարը այլեւս ի չիք դարձավ: «Իսկ երբ դու քո կերպարը կոտրում ես, քո ընտրազանգվածը վերանում է»,-նշեց նա: Նույնը վերաբերում է նաեւ «Ժառանգության» լիդեր Րաֆֆի Հովհաննիսյանին:

«Նա ընդհանրապես կերպար չուներ: Ուղղակի նա նոր դեմք էր, իսկ տատանվող ընտրազանգվածը հակվում է դեպի այդ նոր թեկնածուն: Բայց մեկ տարվա ընթացքում դուք քաղաքական դաշտում ընդհանրապես տեսե՞լ եք, ով է նա, ինչով է զբաղվում»,-հարց ուղղեց տեխնոլոգը: Ինչ վերաբերում  է ՀՅԴ-ին, ապա  հայդատականության գաղափարախոսությունը կրող այս կուսակցությունը եւս, ըստ փորձագետի, իրեն սպառել է:

«Հայդատականությունն անցած 20 տարվա ընթացքում գրեթե վերացել է: 20 տարի առաջվա Հայաստանը մի շփոթեք այսօրվա Հայաստանի հետ»,-նկատեց Բադալյանը:

Ասուլիսին ներկա PR-ի մասնագետ Կարեն Քոչարյանը չհամաձայնեց ՀՅԴ-ի մասին հնչած կանխատեսմանը եւ նշեց, որ այդ քաղաքական ուժը ունի ընտրազանգված եւ շանս՝ ապագա խորհրդարանում հայտնվելու համար: