Նավերի հետևման համակարգի նախնական տվյալների համաձայն՝ սեպտեմբերի 22-ին Հորմուզի նեղուցով ընդամենը երեք նավ է անցել, ինչը մեկով պակաս է նախորդ օրվա ցուցանիշից։ Այս մասին, հղում անելով Kpler վերլուծական ընկերությանը, հայտնել է Reuters գործակալությունը։
Բոլոր երեք նավերն էլ, այդ թվում՝ «Panamax» դասի մեկ տանկեր, դուրս են եկել նեղուցից։
Մինչև փետրվարի 28-ին Իրանի դեմ պատերազմի սկսվելը, նեղուցով օրական սովորաբար անցնում էր շուրջ 125 խոշոր առևտրային նավ (ներառյալ բալկերներ, կոնտեյներատարներ, տանկերներ և գազատարներ), որոնք փոխադրում էին հում նավթի և հեղուկացված բնական գազի համաշխարհային օրական մատակարարումների մոտ 20%-ը։
Արաբական ծովից Ադենի ծոց տանող Բաբ էլ-Մանդեբի նեղուցով սեպտեմբերի 22-ին անցել է 22 բեռնատար նավ։ Դրանցից 14-ն ուղևորվում էր դեպի Կարմիր ծով, իսկ 8-ը՝ Ադենի ծոցի ուղղությամբ։ Դրանց թվում են եղել «Panamax» դասի հինգ տանկեր, «Supramax» դասի վեց նավ, «Aframax» դասի չորս տանկեր, «Suezmax» դասի մեկ տանկեր և մեկ սուպերտանկեր (VLCC):
Վերջին 10 օրերի ընթացքում այս նեղուցով օրական անցել է միջինում 26 նավ։
Հունիսին Վաշինգտոնն ու Թեհրանը փոխըմբռնման հուշագիր էին ստորագրել, որը նախատեսում էր բոլոր ճակատներում (այդ թվում՝ Լիբանանում) ռազմական գործողությունների անհապաղ դադարեցում։ Սակայն հուլիսի 8-ի գիշերը ԱՄՆ-ն վերսկսեց Իրանի ուղղությամբ լայնամասշտաբ հարվածները՝ մեղադրելով վերջինիս Հորմուզի նեղուցին վերաբերող ձեռք բերված պայմանավորվածությունները խախտելու մեջ։




























