Միացյալ Նահանգներն իրականացրել են մշակվող W93 ջերմամիջուկային մարտագլխիկի պատյանի թռիչքային փորձարկումը։ Այս մասին հայտնի է ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչության (NNSA) տվյալներից։
«Atrax» տեսակի օդերևութաբանական զոնդավորող հրթիռի միջոցով իրականացված արձակման նպատակն էր չափել մթնոլորտ մտնելիս մարտագլխիկի պատյանի վրա ազդող աերոդինամիկ ծանրաբեռնվածությունը։ Ստացված տվյալները կօգնեն W93 մարտագլխիկի ոչ միջուկային բաղադրիչների նախագծման հարցում։ Համապատասխան աշխատանքներն իրականացվում են «Sandia» ազգային լաբորատորիաներում։
W93-ը բոլորովին նոր ջերմամիջուկային մարտագլխիկ է, որն ԱՄՆ-ում մշակվում է վերջին շուրջ 40 տարվա ընթացքում առաջին անգամ։ Դրա ստեղծման ծրագրի աշխատանքները 2022 թվականի մայիսից ընթանում են Նյու Մեքսիկո նահանգում գտնվող ԱՄՆ էներգետիկայի նախարարության Լոս Ալամոսի ազգային լաբորատորիայում։
W93-ի սերիական արտադրությունը նախատեսվում է սկսել 2030-ականների կեսերին։ Մարտագլխիկները նախատեսված են «Columbia» դասի ռազմավարական սուզանավերի միջայրցամաքային բալիստիկ հրթիռները զինելու համար։




























