Բալթյան երկրների պաշտպանության նախարարները գաղտնի նամակ են գրել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ խնդրելով կես միլիարդ եվրո հատկացնել ԱԹՍ-ների դեմ պայքարի համար, գրում է ֆիննական Iltalehti թերթը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։

«Երկրները նամակն ուղարկել են ԵՀ երկուշաբթի օրը։ Նամակը ստորագրել են Էստոնիայի պաշտպանության նախարար Մարտին Հերեմը, Լատվիայի պաշտպանության նախարար Ռայվիս Մելնիսը և Լիտվայի պաշտպանության նախարար Ռոբերտաս Կաունասը», — ասվում է նյութում։

Պարբերականի տվյալներով՝ դիմումը պարունակում է խնդրանք՝ անհապաղ Բալթյան երկրներին հատկացնել 500 միլիոն եվրո՝ անօդաչու սարքերի դեմ պայքարի համակարգն ամրապնդելու համար։

«Երկրները հույս ունեն, որ ԵՄ-ն կկարողանա տարածաշրջանում անօդաչու սարքերից պաշտպանության համար լրացուցիչ ֆինանսավորում տրամադրել արդեն 2026 թվականին», — հայտնում է թերթը։

Պարբերականը նշում է, որ նամակը չի հրապարակվել բաց աղբյուրներում, իսկ նման գաղտնիության պատճառը չի բացահայտվում։

Աղբյուրները հաստատել են, որ ֆոն դեր Լայենը ստացել է նամակը, սակայն չեն հստակեցրել՝ արդյոք նա պատասխանե՞լ է դրան։

Վերջին շրջանում Բալթյան երկրների օդային տարածքում բազմիցս հայտնվել են ուկրաինական դրոններ։ Ընդ որում, Էստոնիան, Լատվիան և Լիտվան ավելի վաղ պնդում էին, թե իբր Ուկրաինային թույլտվություն չեն տվել իրենց տարածքներն ու օդային տարածքն օգտագործել Ռուսաստանում գտնվող օբյեկտների վրա անօդաչու սարքերի հարձակումների համար։