Բուքերյան մրցանակաբաշխության կազմկոմիտեն ներկայացրել է 2026 թվականի կարճ ցուցակը, որում ընդգրկվել է ներկայացված 163 հայտերից ընտրված վեց ստեղծագործություն։ Եզրափակիչ ցանկը հրապարակվել է մրցանակաբաշխության պաշտոնական կայքում։

Կարճ ցուցակում տեղ են գտել Անգլիայից, Շոտլանդիայից, Ճամայկայից և ԱՄՆ-ից հեղինակներ։ Նրանց թվում են նախկին դափնեկիրներ Մարլոն Ջեյմսն ու Դուգլաս Ստյուարտը, ինչպես նաև եռակի անվանակարգված Էլիզաբեթ Ստրաուտը։ Ցուցակի կեսը ներկայացնում են գրողներ, որոնք առաջին անգամ են անցնում մրցանակաբաշխության եզրափակիչ փուլ։

Ժյուրին գլխավորել է անտիկ շրջանի հետազոտող, գրող Մերի Բիրդը։ Հանձնաժողովի կազմում ընդգրկվել են նաև բանաստեղծ Ռեյմոնդ Անտրոբուսը, երաժիշտ և հրապարակախոս Ջարվիս Կոկերը, լրագրող ու խմբագիր Ռեբեկա Լյուն և գրող Պատրիսիա Լոկվուդը։

Մրցանակն ավանդաբար շնորհվում է Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում հրատարակված անգլալեզու գեղարվեստական արձակի լավագույն ստեղծագործություններին։ Այս տարի կարճ ցուցակում ընդգրկված գրքերը ներկայացնում են ժանրային լայն սպեկտր՝ հակաուտոպիայից ու պատմական վեպից մինչև ժամանակակից ռեալիստական արձակ և երգիծանք։ Ժյուրիի գնահատմամբ՝ ընտրված գործերն արծարծում են ինքնության, ընտանեկան հարաբերությունների, մենության, գոյատևման և մարդկային խոցելիության թեմաները։

Հաղթողի անունը հայտնի կդառնա նոյեմբերի 9-ին Լոնդոնի «Old Billingsgate»-ում կայանալիք արարողության ժամանակ։ Դափնեկիրը կստանա 50 հազար ֆունտ ստերլինգ (շուրջ 67 հազար դոլար), իսկ եզրափակիչ փուլի մասնակիցները՝ 2.5-ական հազար ֆունտ (շուրջ 3.3 հազար դոլար)։

Անցյալ տարի հաղթող էր ճանաչվել հունգարա-բրիտանացի հեղինակ Դևիդ Սոլոյի «Միս» վեպը։ 2024 թվականին հաղթել էր բրիտանացի գրող Սամանթա Հարվին («Ուղեծրում»): 2026 թվականի Միջազգային Բուկերյան մրցանակին արժանացել է Յան Շուանցզին՝ «Ճանապարհորդական նոթեր Թայվանի մասին» վեպի համար։

2026 թվականի Բուկերյան մրցանակի կարճ ցուցակը․

«Ամեն ինչի վերջը» (The End of Everything), Մայքլ Ջոն Հարիսոն

«Անհետացողները» (The Disappearers), Մարլոն Ջեյմս

«Սև պայուսակը» (Black Bag), Լյուկ Քենարդ

«Կարո՞ղ ենք կերակրել թագավորին» (May We Feed the King), Ռեբեկա Փերի

«Ջոնը՝ Ջոնի որդին» (John of John), Դուգլաս Ստյուարտ

«Այն, ինչի մասին չենք խոսում» (The Things We Never Say), Էլիզաբեթ Ստրաուտ