Ընտրական օրենսգիրքը ուրբաթ օրը կներկայացվի ԱԺ, այն կքննարկվի պետաիրավական հանձնաժողովում, որից հետո կընդգրկվի հաջորդ շաբաթ սպասվող քառօրյա նիստերի օրակարգ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հովհաննես Սահակյանը։
«Այս ընթացքում բավականին քննարկումներ ծավալվել են տարբեր ուժերի հետ եւ նաեւ դա էր պատճառը, որ փորձեցինք ավելի լրամշակված ու բազմակողմանի քննարկված նախագիծ դնենք շրջանառության մեջ»,-ասաց Հովհաննես Սահակյանը։
Ինչ վերաբերում է 4+4+4 ձեւաչափով քննարկման արդյունքին, երբ ընդդիմության, քաղաքացիական հասարակության եւ իշխանության միջեւ կոնսենսուս տեղի չունեցավ, Սահակյանն ասաց. «Մենք ի սկզբանե նշել էինք, որ քննարկումների ընթացքում որոշումներ չպետք է կայացվեն եւ քվեարկության միջոցով չէ, որ պիտի որոշում լիներ կամ կոնսեսուսով։ Դա միակ հարթակը չէր, որ պետք է քննարկվեր Ընտրական օրենսգիրքը։ Հետեւաբար մենք ընդունելով առաջարկը քննարկել ենք այդ ձեւաչափով, ներկայացրել մոտեցումները, անձամբ ինձ համար օգտակար գործընթացներ ապահովեց այս ձեւաչափը, որոնք հետագայում կաող են արտացոլվել Ընտրական օրենսգրքի մեջ»,-ասաց պատգամավորը։





























