Վայոց Ձորի Խաչիկ գյուղում մարտի 21-ին գայլի կողմից հարձակման ենթարկված 75-ամյա Ռոզա Հարությունյանի դեմքը վիրահատությունների միջոցով արդեն լիովին վերականգվել է.  ապրիլի 15-ին նրա վերջին վիրահատությունն է եղել` բժիշկները պլաստիկ վիրահատության միջոցով վերականգնել են նրա քիթը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա դուստրը` տիկին Սոֆիկը:

«Վերջին վիրահատությունն էր, արդեն վիրակապերը քանդել ենք, կարելի է ասել, որ բժիշկներն ամբողջությամբ նրա դեմքը վերականգնել են: Նա առաջ էլ էր գեղեցիկ տատիկ, բայց ինձ թվում է` հիմա ավելի է գեղեցկացել»,-կատակով ասաց նրա դուստրը:

Նշենք, որ Ռոզա Հարությունյանը գտնվում է Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում: Ռոզա Հարությունյանն արդեն մեկ անգամ վիրահատվել է, որը  տեւել էր 4 ժամ, վիրահատարանում միաժամանակ աշխատել էին վիրահատական մի քանի խմբեր` միկրովիրաբուժական, պլաստիկ եւ դիմածնոտային: Հատուկ իմպլանտի միջոցով բժիշկներին հաջողվել է վերականգնել կոտրված աջ այտոսկրը: Աջ կողմի այտի եւ քթի հատվածում մաշկի վնասվածքը կվերականգնվի հաջորդ վիրահատության ընթացքում, որը նախատեսվում է իրականացնել մի քանի շաբաթ անց:

Կինը գայլի հարձակման էր ենթարկվել անասնագոմի մոտ: Նա ձեռքերի ու դեմքի վնասվածք էր ստացել, դեմքի մի մասը լրջորեն վնասվել էր: