Թող ժողովուրդը չվերցնի ընտրակաշառք, կամ թող վերցնի ու ձայն չտա տվյալ թեկնածուին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, սոցիալական հարցերի հանձնաժողովի ղեկավար Հակոբ Հակոբյանն՝ անդրադառնալով Հրազդանի քաղաքապետի ընտրությունների ժամանակ գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի թիմի ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ ահազանգերին։

«Թող ժողովուրդը չվերցնի, կամ վերցնի ու ձայն չտա, հակառակն անի, ի՞նչ կարող ես անել, դա քաղաքացու քաղաքական պայմանավորվածությունն է որեւէ անձի, քաղաքապետի հետ, պայմանական եմ ասում, է՛, թող չվերցնի»,-ասաց Հակոբ Հակոբյանը։

Ըստ Հակոբյանի՝ այս դեպքում ընտրակաշառք բաժանողը ոչ թե ՀՀԿ-ի ներկայացուցիչն է, այլ պարզապես քաղաքացի, որը գործարքի մեջ է մտնում ընտրողի հետ։

«Մեր Հանրապետական կուսակցության ներկայացուցիչը չի բաժանում, Հայաստանի Հանրապետության երկու քաղաքացի իրար հետ պայմանավորվում են, թող չվերցնի, ո՞վ էր ստուգում էդ քվեարթերթիկը, թող դեմ քվեարկեր, իրանք երկուսով էդ պայմանագիրը կապում են»։

Պատգամավորը պնդեց, թե դա դրա դեմ պայքարը լրագրողի եւ հասարակական կազմակերպությունների խնդիրն է, որը լուծվում է տասնյակ տարիների ընթացքում, ոչ թե մեկ օրում։ «Դա երեւույթ է, որի դեմ ավելի շատ պայքարում է քաղաքացիական հասարակությունը, լրագրողները։ Եթե որեւէ մեկը փողով ընտրություն է կատարում, ուղիղ երկու կողմն էլ մեղավոր են, ինչ ուզում եք ասեք»,- նշել է Հակոբյանը։