20 հազար ԱՄՆ դոլար կաշառք վերցնելու մեջ մեղադրվող, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատավոր Խաչատուր Խաչատրյանն ապրիլի 21-ին ամենայն հավանակությամբ ցուցմունք կտա: Այս մասին NEWS.am-ին ասաց Խաչատրյանի փաստաբան Ռուբեն Հակոբյանը:
«Արդեն մոտենում ենք դատաքննության ավարտին: Ապրիլի 21-ին նշանակված նիստում իմ պաշտպանյալը ցուցմունք կտա, որից հետո արդեն կանցնենք ճառերի փուլին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը:
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը նախորդ նիստին հարցում էր ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն` պարզելու համար, թե հաղորդում տվողը դեպքի օրը որ ժամին է մուտք գործել շենք:
«Ապրիլի 21-ին նաեւ այդ հարցման պատասխանը կհրապարակվի»,- ասաց նա:
Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Խաչատուր Խաչատրյանը Սեյրան Կարապետյանի օգտին իր լիազորությունների շրջանակներում որոշակի գործողություններ կատարելու, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով` վերջինիս օգտին գործողություններ կատարելուն նպաստելու համար նրանից պահանջել եւ 2014թ. դեկտեմբերի 25-ին` ժամը 18.30-ի սահմաններում, ՀՀ Լոլռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի իր աշխատասենյակում Սեյրան Կարապետյանից անձամբ ստացել է առանձնապես խոշոր չափերով` 9.186.000 ՀՀ դրամին համարժեք 20.000 ԱՄՆ դոլար կաշառք:
Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Նա կալանավորված է:




























