«Բանդայի գործով» 7 տարվա ազատազրկման դատապարտված Քյարամ Ամոյանը, որն ըստ մասնագետների առողջական խնդիրներ ունի, տեղափոխվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց դատապարտյալի փաստաբան Սամվել Հովհաննիսյանը:

«Քյարամ Ամոյանի առողջական վիճակի մեջ որեւէ փոփոխություն չկա, սակայն նա տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոցից»  քրեակատարողական հիմնարկ,- ասաց փաստաբանը:

Նշենք, որ Ամոյանը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել անցած տարվա նոյեմբերի 19-ին: Նա կալանքի տակ է 2011թ. սեպտեմբերից:

Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Արթուր Մանուկյանը եւ Սամվել Դավթյանը դատապարտվել են 11-15 տարվա ազատազրկման: