Մալաթիա-Սեբաստիա թաղամասում տեղակայված երկսենյականոց շինությունը դժվար է տնակ անվանել. անկանոն շարված կիսաքանդ կահույքի մնացորդները,  թափթված իրերն ու դեռ հեռվից զգացվող խոնավության հոտն ավելի շուտ նկուղ են հիշեցնում:

35-ամյա Գայանե Ղուկասյանը` երեք զավակների ու ծեր մոր հետ ապրում է այս տնակում:  Երիտասարդ մայրը միայնակ է պահում անչափահաս երեխաներին:

«Առաջին ամուսնուս հետ 9 տարի ամուսնացած ենք եղել, բայց մի տարի էլ իրար հետ նորմալ չենք ապրել. կամ բերդերում էր, կամ կորած, կամ թմրանյութերի ազդեցության տակ: Ամբողջ կյանքում չի աշխատել, ասում էր` մարդը ծնվել է ման գալու համար: Վերջին անգամ որ բռնեցին, էլ չդիմացա, երեխաներիս ու մորս վերցրի, եկանք Երեւան»,- պատմում է  Գայանեն:

Երեխաներից ավագը` 12-ամյա Մարտիկը, էպիլեպսիա ունի: Գայանեի խոսքով` որդու մոտ հիվանդությունն ի հայտ է եկել տարիներ առաջ` ամուսնու կողմից հասցված հարվածի հետեւանքով:

«Տղաս նստած դաս էր անում մորս հետ: Ուշ էր արդեն, տղաս ասաց` տատի’, հոգնել եմ, մի քիչ հետո կանենք: Ամուսինս դա լսեց, չգիտեմ` մտքով ինչ անցավ, վեր կացավ տեղից, այնպես հարվածեց տղայիս, որ գլուխը պատին կպավ, ամբողջ գլուխն ու պատն արյուն դարձավ»,- ասում  է  Գայանեն:

12-ամյա Մարտիկը հոր հարվածի հետեւանքները մինչ օրս զգում է. ամսվա մեջ մի քանի անգամ նրա մոտ էպիլեպտիկ նոպաներ են առաջանում:

«Առաջ հազվադեպ էր ուշագնաց լինում, հիմա` ավելի հաճախ: Դպրոցից մեկ էլ զանգում են, ասում` ուշքը գնաց, վազելով գնում-հասնում եմ դպրոց: Չեմ էլ կարող աշխատել, ո՞վ գործի կընդունի օրվա ընթացքում մի քանի անգամ դուրսուներս անող աշխատողին»,- ասում է  Գայանեն:

Երեւան տեղափոխվելուց հետո Գայանեն երկրորդ անգամ է ամուսնանում` հույսով, որ գոնե երկրորդ ամուսինը երեխաներին հայրություն կանի:

«Ասաց` ամուսնալուծված եմ, եկավ մեզ հետ սկսեց ապրել, մի աղջիկ ունեցանք: Բայց նա էլ խաբեց, մի տարի հետո, որ կինն արտասահմանից եկավ, նրա հետ միավորվեց, մեզ թողեց, գնաց»,- պատմում է նա:

Ընտանիքն ապրում է ծայրահեղ սոցիալական պայմաններում. տանիքից մշտապես կաթոցներ են լինում, խոնավությունից օրեցօր ավելանում են պատերի բորբոսների թիվը, աճում երեխաների ծախսերն ու կարիքները: Եկամուտը, սակայն, մնում է անփոփոխ:

«Տնակի վարձը 30.000 դրամ է, 80 տարեկան մորս թոշակը ստանում եմ, դա տալիս: Մնացած ծախսերն էլ մի կերպ ենք հոգում. մի օր` սոված, մի օր` կուշտ, ապրում ենք, էլի: Ատված չանի, որ մի օր էլ մայրս մահանա, ի՞նչ ենք անելու, ո՞նց ենք տան վարձը տալու, չգիտեմ»,- ասում է երիտասարդ մայրը:

Գայանեն այժմ ապրում է երբեւէ իր սեփական անկյունն ունենալու եւ երեք երեխաներին անհոգ մանկություն ապահովելու երազանքով:

«Տուն չէ, մի տնակ էլ որ ունենայինք, մարդավարի կապրեինք, երեխաներս նորմալ կմեծանային, ոչ թե էս կեղտի ու խոնավության մեջ»,- ասում է Գայանեն: