Գերմանական Tageszeitung թերթը նախատեսել է Մամուլի ազատության համաշխարհային օրը` մայիսի  3-ին հատուկ համար թողարկել, որը նվիրված կլինի Թուրքիայում ԶԼՄ-ների վիճակին: Այդ մասին հայտնել է պարբերականը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:   

Տեքստերը կտպագրվեն գերմաներեն եւ թուրքերեն:  «Հեռուստահաղորդավար Յան Բեմերմանի շուրջ սկանդալի քննարկման ընթացքում կարող է կեղծ զգացողություն  առաջանալ, թե սպառնալիքի տակ է մամուլի ազատությունը ոչ թե Թուրքիայում, այլ Գերմանիայում», - հայտնել է թերթի գլխավոր խմբագիր Գեորգ Լեւիշը: Նրա խոսքով, մայիսի   3-ին գերմանական պարբերականի լրագրողներն ուզում են համերաշխություն հայտնել իրենց թուրք գործընկերներին:   

Բեմերմանը 2016-ի մարտի 31-ին ZDF հեռուստաալիքով հեռարձակվող հումորային հաղորդումներից մեկի ընթացքում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հասցեին վիրավորանք պարունակող բանաստեղծություն է ընթերցել: Ապրիլի   11-ին ԳԴՀ-ի կառավարության ներկայացուցիչ Շտեֆֆեն Զայբերգը հայտնել է, որ ԳԴՀ-ի ԱԳՆ-ն Թուրքիայի կողմից բանավոր նոտա է ստացել, որում հաղորդավարի նկատմամբ միջոցներ կիրառելու կոչ էր պարունակվում:   

Ապրիլի 15-ին ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ կառավարությունը որոշում է կայացրել բավարարել հարցումը եւ չխոչընդոտել հումորիստի նկատմամբ հետապնդում սկսելուն: Հետագայում պարզվել է, որ կառավարության ներսում ձայները հավասար են բաշխվել. դեմ են հանդես եկել սոցիալ-դեմոկրատները, որոշիչ է դարձել կանցլերի դիրքորոշումը: