ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) 2009թ.-ին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու գործով դատախազն ապրիլի 22-ին հանդես կգա ճառով, որով կառաջադրի մեղադրյալ Արթուր Զադոյանին հասանելիք պատժի չափը, կամ կմիջնորդի արդարացման դատավճիռ կայացնել:
NEWS.am-ի հետ զրույցում Կարո Կարապետյանի ներկայացուցիչ, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը հայտնեց, որ վերաբացված գործի դատաքննությունն ավարտվել է, այժմ դատական վիճաբանություններիփուլն է:
«Ուրբաթ օրը առաջին ճառը կասվի, կխոսի դատախազը»,-ասաց փաստաբանը:
Ըստ Կրոմվել Գրիգորյանի՝ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանին (Յուվեցի Կարո) 2009թ.-ին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու գործը վերաբացվել է, քանի որ վարույթն իրականացնող մարմինը 5 տարի առաջ անօրինական որոշում էր կայացրել՝ կարճելով գործը:
Նշենք, որ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանը դատարանում ցուցմունք տալիս պնդել էր, որ Արթուր Զադոյանն է իրեն գումար պարտք, եւ դեպքի օրը նրա մոտ զենք է եղել, որն իր վարորդը վերցրել ու հանձնել ոստիկաններին։ Արթուր Զադոյանն էլ իր հերթին NEWS.am-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ ինքը ընդհանրապես պարտք չէ ԲՀԿ-ական պատգամավորին, իսկ վեճն առաջացել է այն պատճառով, որ Կարո Կարապետյանը չի ցանկացել վճարել իրենից գնված մեքենայի համար: Մեղադրյալի խոսքով՝ իր մոտ զենք չի եղել, իսկ Կարո Կարապետյանն ու իր վարորդը սուտ ցուցմունք են տվել: Ի դեպ, դատական նիստերն անցնում էին սպառնալիքների, փոխադարձ վիրավորանքների ու հայհոյանքների մթնոլորտում:
Հիշեցնենք, որ 2009թ. հոկտեմբերին, Երասխ-Երևան ավտոճանապարհին, Մարմարաշեն գյուղի հատվածում, ԱԺ ԲՀԿ պատգամավոր Կարո Կարապետյանն իր ավտոմեքենայում վեճի էր բռնվել Դվին գյուղի բնակիչ, Արարատի մարզպետարանի աուդիտոր Արթուր Զադոյանի հետ, որի ընթացքում Արթուր Զադոյանը ավտոմեքենայի համարանիշ ամրացնելու բանալիով հարվածել էր Կարո Կարապետյանի գլխին, որն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակով 5 անգամ կրակել էր Արթուր Զադոյանի ուղղությամբ: Փամփուշտներից երկուսը դիպել էին Զադոյանի աջ ուսին և աջ ոտքին: Կարո Կարապետյանը նաև ծեծի էր ենթարկել Արթուր Զադոյանին, ով ոտքերի հարված էր ստացել գլխին և ուղեղի ցնցում ստացել: Զադոյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժին և 3 վիրահատության ենթարկվել: ՀՔԾ-ում գործը վերաբացվել է այս տարվա մարտին: Արթուր Զադոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել կրել հրազեն և ռազմամթերք եւ Կարո Կարապետյանի առողջությանը դիտավորությամբ պատճառել է միջին ծանրության վնաս և տվել սպանության սպառնալիքներ:




























