Վարդենիսում 16-ամյա աղջկա սպանության համար տարիներ առաջ դատապարտված Նալբանդյան ամուսինների գործով լրացել է սահմանված երեքամսյա ժամկետը, սակայն Վճռաբեկ դատարանը դատական նիստի օր չի նշանակել: Այս մասին NEWS.am-ին ասաց ամուսինների փաստաբան Սեդա Սաֆարյանը:
«Դատարանը դեկտեմբերի 24-ին է սկսել վերաբացման վարույթը, պետք է 3 ամսվա ընթացքում նիստ նշանակած լիներ, բայց մինչեւ օրս նիստ չի նշանակել: Գրասենյակ ենք զանգում, ասում են՝ չգիտենք, թե ինչու»,- ասաց փաստաբանը:
Պարզաբանում ստանալու համար փաստաբանը պատրաստվում է գրավոր դիմել Վճռաբեկ դատարան:
Ամուսինները պնդում են, որ իրենք չեն սպանել 16-ամյա Սյուզաննային եւ իրենց դատապարտել են ծեծով ու խոշտանգումներով վերցրած ինքնախոստովանական ցուցմունքների հիման վրա:
Նշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի` 2015թ. դատավճռով հաստատվել է, որ խախտվել են ամուսինների իրավունքները, եւ Վճռաբեկ դատարանը գործի վերաբացման վարույթ է սկսել: Բացի այդ՝ ՄԻԵԴ-ը վճռով Հայաստանի հանրապետությանը պարտավորեցրել էր 62 հազար եվրո փոխհատուցում վճարել ամուսիններին: Նալբանդյանների ընտանիքը ստացել է փոխհատուցումը:
Ըստ մեղադրական եզրակացության` 2004թ. անչափահաս Սյուզաննա Սարգսյանը գնացել էր իր համադասարանցու տուն, որտեղ, վիճելով նրա մոր` Նարինե Նալբանդյանի հետ, ապակե շշով դեմքին մի քանի հարված էր ստացել: Ամուսինները մետաղալարով կապել էին ուշագնաց 16-ամյա Սյուզաննայի ձեռքերը, փակել բերանը, 5-6 ժամ թողել էին խոհանոցում, ապա, նրան կեսգիշերին նետել իրենց տնից ոչ հեռու գտնվող մազութի հորը, որտեղ էլ Սյուզաննան մահացել էր:
2005-ին Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանը առանձնակի դաժանությամբ սպանություն կատարելու մեղադրանքով Նարինե Նալբանդյանին դատապարտել էր 14, Բագրատ Նալբանդյանին՝ 9 տարվա ազատազրկման: Հայաստանի դատական ատյանները նույնն էին թողել վճիռը: Ամուսինների փաստաբանը դիմել էր ՄԻԵԴ 2006 թ.: 2015թ. ՄԻԵԴ-ը կայացրել է որոշում:
Բագրատ Նալբանդյանն արդեն ազատության մեջ է, Նարինե Նալբանդյանի պատժի կրման ժամկետը կլրանա երեք տարուց:





























