Վերաքննիչ դատարանը մերժել է բանակում խաղաղ պայմաններում զոհված ժամկետային զինծառայողների մայրերի բողոքը, նրանց նկատմամբ բռնություն գործադրած ոստիկանների դեմ հարուցված քրեական գործը կարճելու մասին ՀՔԾ որոշումը կմնա անփոփոխ: Այս մասին NEWS.am-ին ասաց զինծառայող Արթուր Ղազարյանի մայրը` Իրինա Ղազարյանը:

«4 օր առաջ ստացանք պատասխանը, որ մերժել է դատարանը: Իրենք թող մերժեն, իսկ ես պայքարելու եմ մինչեւ վերջ, մինչեւ Եվրոդատարան»,- ասաց Իրինա Ղազարյանը:

Իրինա Ղազարյանը նշեց, որ իրենք պատրաստվում են դիմել Վճռաբեկ դատարան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է   քրեական գործ՝ ՀՀ նախագահական նստավայրի առջև բողոքի ակցիա անցկացնող կանանց նկատմամբ ոստիկանների կողմից բռնություն կիրառելու դեպքի առիթով: Ավելի ուշ, քրեական գործը կարճվել էր:

Հիշեցնենք, որ զոհված զինծառայողների մայրերը մայիսի 13-ին Բաղրամյան 26-ում` նախագահի նստավայրի մոտ՝  իրենց հերթական բողոքի ակցիան էին անցկացրել, որի ժամանակ ոստիկանները նրանց բռնի ուժով տեղափոխել էին դիմացի մայթ՝ պատճառաբանելով, որ այդտեղ բողոքի ակցիա անցկացնել չի թույլատրվում:

Ծնողները բողոքում են, որ իրենց որդիները սպանվել են բանակում, իսկ գործերը տարիներ անց դեռ բացահայտված չեն: