ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքին՝ Մալաքե Թաուսի կապակցությամբ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եզդիներին Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ: Հայաստանի եզդիական համայնքի, ինչպես նաեւ մեր ողջ ժողովրդի համար այս Նոր տարվա պայծառ տոնը մթագնվեց պատերազմական գործողություններով ու զոհերով: Հայաստանի ժողովուրդն իր եզդի եղբայրների հետ միշտ կիսում է թե՛ ուրախությունը, թե՛ վիշտն ու կորստի ցավը: Հայ եւ եզդի ժողովուրդների եղբայրությունն անցել է դարերի փորձություններով եւ ավելի ամրապնդվել:

Սիրելի՛ եզդի հայրենակիցներ,

Մաղթում եմ ձեզ, որ Նոր տարին միայն բարիք եւ երջանկություն բերի, որ վերջապես խաղաղություն տիրի մեր երկրի սահմաններին: Համոզված եմ, որ միասին կառուցելու ենք այն ծաղկուն ու ապահով երկիրը, որտեղ բոլորն ապրում եւ աշխատում են արժանապատիվ ու բարեկեցիկ»: