Ապրիլի 18-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Երեւան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 5 րոպե առաջ դիմակներով, դանակի սպառնալիքով մտել են Լենինգրադյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող դեղատուն եւ վերցնելով գումար` դիմել են փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին, ժամը 22.30-ին, 19-ամյա Սոնա Դ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 21.20-ին, դիմակավորված անհայտ անձը մտել է դեղատուն եւ դանակի սպառնալիքով դրամարկղից վերցրել 90.000 դրամ ու դիմել փախուստի:
Ոստիկանության Մաշտոցի բաժնի եւ Երեւան քաղաքի վարչության ծառայողները ապրիլի 19-ին, ժամը 02.35-ին, Երեւանի Լենինգրադյան փողոցի թիվ 19/1 հասցեի մոտից, ավազակային հարձակում կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 39-ամյա Արման Պ.-ին, ով ներկայացվել է քննչական բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք, որ ավազակային հարձակումը կատարել է ինքը:
Արման Պ.-ն ձերբակալված է:
Քննությունը շարունակվում է:




























